Խորհրդային Միության փլուզումից հետո մեր մշակույթը և կերպարվեստը ենթարկվեցին կտրուկ փոփոխությունների: Դա տեղի ունեցավ այնպիսի կայծակնային արագությամբ, որ այսօր դժվար է տեղի ունեցածին տալ լիարժեք և օբյեկտիվ գնահատական: Սակայն մի բան ակնհայտ է մշակույթը պետք է ձերբազատվեր սոցռեալիզմի գաղափարից: Ամպագոռգոռ, հաճախ անարժան տիտղոսներով ծանրաբեռնված շատ պրոֆեսորներ, դոկտորներ, վաստակավոր և ժողովրդական գործիչներ, դափնեկիրներ առանց որևէ վիրաբուժական միջամտության անհետացան: Այնպես չէր, որ նորերը պայքարի միջոցով զբաղեցրին հների տեղերը. ամեն ինչ տեղի ունեցավ բնականոն ընթացքով, առանց ցնցումների: Այն ամենը, ինչ հիմք էր ծառայում պետական ֆինանսավորման համար, հօդս ցնդեց և ստեղծագործական դաշտը մաքրվեց: Վերացան հայտնի անունները: Մնացին ավագ սերնդի մի քանի վարպետներ, որոնցից շատերը մոռացված էին: Անգամ մեծն Մաեստրո Երվանդ Քոչարին և ակադեմիկոս Ալիխանյանին տեղ չէր հատկացվել անվանի մարդկանց համար նախատեսված քաղաքային պանթեոնում: Կարալյանի, Ջոտտոյի (Գևորգ Գրիգորյան), Սեդրակ Ռաշմաջյանի, Պետրոս Կոնտուրաջյանի, Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանի, Հարություն Կալենցի, Բարդուխի, Արամիկեի մասին հիշում էինք միայն մենք: Մեր սերնդի մերժված նկարիչներ Վրույրի, Աշոտ Հովհաննիսյանի, Մարտին Պետրոսյանի, Ռոբերտ և Հենրիկ Էլիբեկյանների, Ռուբեն Ադալյանի, Գայանե Խաչատուրյանի, Ռուդոլֆ Խաչատրյանի ստեղծագործությունները պահպանվեցին բացառապես Ժամանակակից արվեստի թանգարանի շնորհիվ: Ավագ սերնդի ներկայացուցիչները կյանքից հեռացան. Պարույր Սևակը, Փառաջանովը, Մինասը, Աշոտ Հովհաննիսյանը, Ավետ Տերտերյանը, Մուշեղ Գալշոյանը, Վարոս Շահմուրադյանը, Սեյրան Խաթլամաջյանը, Հրանտ Մաթևոսյանը, Աշոտ Բայանդուրը այսօր էլ կարող էին ողջ լինել, բայց ավաղ…
Վերջինը մեր սերնդից հեռացան Ռուդոլֆ Խաչատրյանը և Աղասի Այվազյանը: Եկավ նոր սերունդ: Նրանցից ոմանք գերադասեցին «ֆանտաստիկ ռեալիզմը», որն առավել շոշափելի նյութական շահույթ կարող է բերել, ոմանք էլ դիմեցին պրիմիտիվ մոդեռնիզմի: Սակայն ի՞նչը կարող է չգիտակցված գավառային մոդեռնիզմից գռեհիկ լինել: Ժամանակին Կանդինսկին ասել է` «Եթե կապիկը գիրք է բռնել, դա դեռ չի նշանակում, որ նա ընթերցում է այն»:
Առանձնացավ նոր սերնդի ուշադրության արժանի նկարիչների սակավաթիվ, սակայն կուռ մի խումբ: Նրանցից մեկը Գագիկ Ղազանչյանն է: Մաեստրո Քոչարը հաճախ օգտագործում էր «կուրյոզիտե» բառը: Սովորաբար կուրյոզի դիմում են այն նկարիչները, որոնց ստեղծագործության հիմքում ընկած են գլխակորույս սյուժեներ, արկածախնդրություն պարունակող հետաքրքրաշարժ թեմաներ: Դե ինչ, այդպիսի արվեստն էլ գոյատևման իրավունք ունի, եթե այն փոխառված չէ: Հիմա շատ են նմանակումները. Գագիկ Ղազանչյանը դրա կարիքը չունի: Նա գտել է իր սեփական ուղին, որով ընթանում է դանդաղ, բայց վստահ: Նրա արվեստում առկա է առաջխաղացումը: Ամեն ինչ հասկացվում է համեմատությամբ: Վերջերս Ֆրանսիայում ես ներկայացնում էի հայ նկարիչների աշխատանքները. երեսուն հինգ հայաստանցի և որոշ սփյուռքահայ ստեղծագործողների: Բոլոր դեպքերում, երբ ցուցադրվում էր հավաքածուն ամբողջությամբ կամ կիսով չափ, Գագիկի աշխատանքները բնականորեն գրավում էին իրենց տեղը: Նույնիսկ 10 հեղինակ ներկայացնելու դեպքում նրա կտավները գտնում են իրենց յուրահատուկ տեղը էքսպոզիցիայի մեջ: Իմ կողմից կողմնակալ մոտեցման դրսևորում չէր դա: Սպորտում կա «հուսալի խաղացող» հասկացություն: Մեր արվեստում Գագիկը այդ «հուսալի խաղացողն» է: Դա է պատճառը, որ նրա աշխատանքները իրենց արժանի տեղն են գտնում ցանկացած նույնիսկ ամենասահմանափակ ցուցադրություններում: Նրա ստեղծագործությունը յուրօրինակ է, մոտ է նրանց, ով արվեստում գնահատում է բուն արվեստը: Նա ինքնաբավ է, և ոչ մեկին չի ուզում զարմացնել դրսից փոխառված նորարարությամբ. Հանդարտ` առանց աճպարարության, նա շարունակում է իր ուղին: Ինձ համար հոգեհարազատ են այն նկարիչները, որոնք չեն լքել հայրենիքը, անգամ ունենալով այդ հնարավորությունը: Նրանք բավարար պայմաններ են ստեղծել հայրենիքում ստեղծագործելու համար: Դրանցից է նաև Գագիկ Ղազանչյանը, ում համար Հայաստանից լավ տեղ չկա երկրագնդում: Կարելի է մեկնել արտասահման, հաջող իրացնել սեփական աշխատանքները, բայց ստեղծագործելու համար նորից վերադառնալ տուն:
Մատների վրա կարելի է հաշվել մեր այն հայրենակիցներին, ովքեր Սփյուռքում կայացել են իբրև ստեղծագործող: Հաճախ նրանք կառչում են ցանկացած աշխատանքից, որպեսզի ազատ ժամանակ արվեստով զբաղվելու հնարավորություն ունենան:
Գագիկ Ղազանչյանի վերջին աշխատանքները ավելի անկաշկանդ են, համարձակ, ավելի հնչեղ: Ցավոք, արվեստի մարդիկ հաճախ նախանձում են գործընկերներին, դժկամությամբ են ընդունում նրանց ստեղծագործական նվաճումները: Գագիկը սրտանց ուրախանում է ընկերների հաջողությամբ, և դա շեշտում է նրա մարդկային արժանիքները:
Այսօր Հայաստանում ավելի քան երկու հազար մարդ զբաղվում է կերպարվեստով: Նրանցից հազիվ երեսունին կարելի է նկարիչ անվանել: Նրանց թվում է, անշուշտ, Գագիկ Ղազանչյանը:
Ժամանակակից արվեստի թանգարանի ստեղծման առաջին օրից (8 հունիսի 1972 թ.) չի եղել ցուցադրման ենթակա աշխատանքները ընտրող ժյուրի: Աշխատանքները ես ընտրում եմ միանձնյա, չափազանց խիստ և չեմ ճանաչում տաղանդավոր, արժանի հեղինակի, ում աշխատանքները ոչ օբյեկտիվ պատճառով չեն ընդգրկվել թանգարանի հավաքածուի մեջ: Սա, բնականաբար, իմ անձնական կարծիքն է և չի կարող հավակնել ճշմարտության վերջին ատյանում: Խնդրեմ, ստեղծեք մի նոր արվեստի թանգարան և ընդգրկեք իմ մեղքով դուրս մնացած աշխատանքները:
Իմ մոտեցումը անկողմնակալ է. ես ունեմ շատ մտերիմ նկարիչներ, որոնց աշխատանքները երբեք չեն ցուցադրվել Ժամանակակից արվեստի թանգարանում: Եվ կան ցուցադրված աշխատանքներ, որոնց հեղինակներին ես հազիվ ծանոթ եմ:
Այժմ ես տպագրության եմ պատրաստում Ժամանակակից արվեստի թանգարանին նվիրված գրքի առաջին մասը: Այն ընդգրկում է մինչ անկախացումը ընկած ժամանակահատվածը և արտացոլում է թանգարանի ստեղծման համար տարվող մեր ողջ պայքարի պատմությունը: Ուզում եմ գրքում տեղադրել մեր սերնդի որոշ նկարիչների ստեղծագործություններ, որոնք այս կամ այն պատճառով (հիմնականում տարածքային սակավության) չեն ցուցադրվել: Վերջերս Հակոբ Հակոբյանը և նրա տիկինը Մարին, թանգարանին նվիրաբերեցին իրենց լավագույն աշխատանքները: Սա է թանգարանի գոյատևման հիմնական սկզբունքը: Ի դեպ Պոմպիդուի կենտրոնը Փարիզում համալրվում է նույն սկզբունքով:
Ցավոք, մեր ժամանակակից ղեկավարությունը պատշաճ ուշադրություն չի ցուցաբերում կերպարվեստի հիմնախնդիրների նկատմամբ: Ես դա վերագրում եմ նրանց չհասկանալուն: Հակառակ դեպքում մենք վաղուց կունենայինք արժանավայել շենք:
Խորհրդային Միության և սոցիալիստական ողջ բլոկի տարածքում գործող ժամանակակից արվեստի միակ թանգարանը, որը ստեղծվել էր մեր կողմից, գոյատևեց, կանգուն մնաց, պայքարեց մեր ազատության և անկախության համար: Ինչպես կարելի է անկախ երկրում, որտեղ կառուցվում են նորանոր պողոտաներ, հոյակերտ հյուրանոցներ, ռեստորաններ, որտեղ զարգանում է զբոսաշրջությունը, չունենալ երկրին վայել ժամանակակից արվեստի թանգարան, որտեղ լայնորեն ցուցադրված կլինեն բոլոր սերունդների հայ նկարիչների լավագույն ստեղծագործությունները: Տա Աստված, տեսնենք այդ բաղձալի օրը:
Հենրիկ Իգիթյան
Հայաստանի Ժամանակակից Արվեստի Թանգարանի Հիմնադիր և Տնօրեն
ԱՐՔԱՅԻՆ՝ ԲԱՆՏ, ԱՐՎԵՍՏԱԳԵՏԻՆ ԷԼ՝ ԹՌՉՆԻ ԹԵՎԵՐ
Գագիկ Ղազանչյանի ստեղծագործություններում դիտողը շարունակ բախվում է նկարի տարածության ստերեոտիպ մի կառուցվածքի հետ. դրա տարրերն են հակադրության մեջ դրված ֆոնն ու ֆիգուրը: Ֆոնն իրենից ներկայացնում է լուսանկարչական ծագում ունեցող մի կոլլաժ: Դրանում ասես վերարտադրված են միջնադարյան քաղաքների՝ միջնաբերդերին փոխարինելու եկած երկնաքերների այն թաղամասերը, որոնք հաճախ կարելի է տեսնել ժամանակակից, հատկապես՝ ամերիկյան մեգապոլիսներում: Ֆոնին հակադիր և առաջին պլանում ծավալվող երկրորդ տարրը ոչ այլ ինչ է, քան գունաբծային շարժուն մի հորինվածք՝ երբեմն կիսաֆիգուրատիվ, երբեմն էլ կատարելապես վերացական խաղ հիշեցնող գեղանկարչական մի արարում:
Նկարի տարածության այս նման կառուցվածքը արդյոք արտիստական անդյուրաշարժության դրսևորում է, թե հղում է ստերեոտիպությանը, որը բնորոշ է այսօրվա ուրբանիստական աշխարհին. մի կողմից՝ առարկաների արտադրության հիմքում շարային սկզբունք կիրառելու հետևանքով մեզ շրջապատող միջավայրի այն ստանդարտացմանը, որի արդյունքում առաջին պլան են մղվում պարագայական ասպեկտները (նյութը, գույնը, ձևը և չափը), մյուս կողմից՝ դրա փոխակերպումներին հակազդելու ժամանակակից անհատի արտիստական այն շարժունակությանը, որը նրան կանգնեցրել է իր ողջ կյանքը պերֆորմանսի վերածելու պարտադրանքի առաջ:
Ձեռակերտ միջավայրի երկրորդական որակների բազմացումն այսօր ընդունել է այնպիսի ծավալներ, որ սկսել է իսկապես ծածկել մեր իսկ ստեղծած առարկաների էական-գործառնական հատկանիշները: Դեպի աննյութականացում և նշանայնացում տանող նյութական ու ձևային այն փոխակերպումները, որոնք Բոդրիյարը 70-ականների սկզբին առարկաների համակարգի մեջ իբրև միտում էր արձանագրում, տարածվել է ու դարձել այսօրվա գլոբալացող աշխարհի քաղաքական կարգի ցուցիչը:
ժամանակակից բոլոր շարժումները` սոցիալական ու քաղաքական լինեն դրանք, թե մշակութային ու տեխնոլոգիական, առանց բացառության, հղում են թափանցիկ ու անտեսանելի այդ կարգին: Բայց և այդ նոր աշխարհակարգն է, որ բոլոր շարժումներից ու ժեստերից, անխտիր, պահանջում է արտիստական վիրտուոզություն: Առանց այդ վիրտուոզ ժեստի, առանց վարպետության այսօր անհնար է իրականացնել մարդկային անհատի ազատության մշտական ձգտումը, լինի դա նոր աշխարհակարգի այնպիսի նշանների կառուցումը, ինչպիսիք էին առևտրի համաշխարհային կենտրոնի զույգ աշտարակները, թե դրանց դեմ իրագործված ահաբեկչական այն ահասարսուռ գործողությունը, որը կազմակեպվեց 2001-ի սեպտեմբերի 11-ին Նյու Յորքում:
Գեղանկարչական վիրտուոզ ժեստը, հետևաբար, Ղազանչյանի ստեղծագործության հիմնական հատկանիշն է: Այն՝ իբրև վրձնահարված, թեև և գալիս է դրվելու մեգապոլիսների համայնապատկերի վրա, սույնով իսկ մասնակիորեն ավերելով նյութական արժեքների վրա հիմնված ժամանակակից աշխարհի պատկերը, բայց և չի կարող գոյատևել առանց վերջինիս, ինչպես որ որևէ վրձնահարված չի կարող գոյություն ունենալ առանց կտավի: Բայց այդ Ժեստի հիմքում ընկած հակասականությունը այս պարագայում ոչ միայն գոյաբանական ծագում ունի, այլև արտահայտում է արվեստագետի աշխարհայացքի և ապրումների միջև առկա ներհակությունը: Այն զարգանում է մի կողմից կյանքի առաջադիմության հանդեպ արվեստագետի ունեցած հավատի ու դրանից ուժ առնող նրա զորակցության, մյուս կողմից՝ այն հիասթափության միջև, որ երբեմն արվեստագետն ապրում է դրա հետևանքների համար:
Այնինչ Գագիկ Ղազանչյանի գեղանկարչական ժեստը ոչ միայն գաղափարական իր դիրքորոշման ու հոգեբանական ապրումների միջև խորացող հակասականությունների կրողն է, այլև՝ լուծման արահետները բացողը: Դրանք սիրային տեսարանների ընդհանուր ուրվագծերը անջատ գունաբծերի անկաշկանդ խաղով վարակելու այն ուղիներն են, որոնք արվեստագետը բացահայտում է մարմինների փոխկապակցման, կամ դրանց լուսեղենացման միջոցով: Բովանդակային առումով միաժամանակ էրոտիկ ու միստիկ այդ մղումները ենթադրում են շարժման երկու վեկտոր՝ հորիզոնական (գգվանք ու միաձուլում, սեռական զուգընկերոջ, կենդանի արարածի, մասնագիտական իր գործիքի կամ երկանիվ իր հեծկանի հետ) և ուղղահայաց (պայծառակերպում, թևավորում և համբարձում):
Հունական անտիկ առասպելաբանության հերոսներից մեկը` առաջին քանդակագործ, ճարտարապետ և կոնստրուկտոր Դեդալոսը, մեզ հայտնի է իր երեք գործերով՝ Կրետեի արքա Մինոսի պատվերի համաձայն կառուցած իր Լաբիրինթոսով, նրա կնոջը՝ Պասիփեայի համար կերտած փայտե կովով (որևէ կերպ հագուրդ տալու համար իր ամուսնու նախրի ձյունաճերմակ ցուլի հետ կենակցելու այն բուռն ցանկությունը, որ Պոսեյդոնն էր Պասիփեայի մեջ իբրև պատիժ բոցավառել) և ազատության սեփական ձգտումը ի կատար ածելու համար պատրաստած թռչնի թևերով: Ապարանք-բանտը՝ արքային, սիրո համար նախատեսված փայտե գործիքը՝ նրա կնոջը, ազատության թևերը՝ արվեստագետին:
Գագիկ Ղազանչյանի ստեղծագործության մեջ այս երեք կառույցները գործում են ոչ միայն իբրև տարածական ու արտահայտչական պլաններ, այլ նաև բովանդակային տարողունակ փոխաբերություններ: Եթե առաջինը՝ լաբիրինթոսը, ներկայիս աշխարհակարգն է փոխաբերում, ապա երկրորդն ու երրորդը դրան հակադրիր ուժերը՝ սերը և ազատությունը: Այս երեքի միավորումից ի հայտ է գալիս գեղանկարչական մի տրոփյուն: Գունապլաստիկական այս թրթիռը նկարի կենդանությունից անդին մեկ այլ բան էլ է փոխանցում մեզ. որևէ արվեստագետից անպակաս այն տագնապը, թե ինքն էլ, Դեդալոսի պես, օրերից մի օր ստիպված կլինի հրաժարվել իր այն շնորհից, որն ազատություն պարգևելուց հետո իրեն կանգնեցնելու է սիրելի Իկարին կորցրած լինելու անձնական ողբերգության առաջ: Այս թրթիռն է, որ տիրում է մեզ և անտարբեր չի թողնում, երբ կանգնած ենք Գագիկ Ղազանչյանի նկարների առաջ:
Նազարեթ Կարոյան
Արվեստի քննադատ
ԱՇԽԱՐՀՆ ԻԲՐԵՎ ՀԱՂԹԱՀԱՐՈՒՄ. ԺԱՄԱՆԱԿՆ ԻԲՐԵՎ ԿԻՐՔ
Ավելի քան տասը տարի առաջ ես պատահական տեսա նրա աշխատանքները: Իմ պատկերացմամբ հեղինակն ինքնամփոփ և միաժամանակ պոռթկուն անձնավորություն էր: Նրա գեղանկարչական ոճը ինձ համար հասկանալի էր, քանի որ պատկանում էր ամերիկյան գեղանկարչության քսաներորդ դարի երկրորդ կեսի ավանդույթներին:
Մշակույթն իբրև գոյի կարևոր գործոն համարելով, իր տեղը որոնելով այս իմպուլսիվ ընթացքում, նկարիչը կարևորում է ներքին դիմադրությունը ամեն անբարո դրսևորման հանդեպ: Բարոյականի տարածքը կյանքում իր աշխարհն է, իդեալը, տաժանավայրը: Նա ուզում է իրեն ազատ տեսնել ավանդական մտածելակերպի բարդույթներից, միաժամանակ պաշտում է ավանդապահությունը: Պատրաստ է զինվորի պես մարտնչել իր ավանդապահության նկատմամբ ոտնձգություն ցուցաբերող յուրաքանչյուրի հետ: Այո, նա երկու դեպքում էլ մարտիկ է, մարտիկ, որը գիտակցում է, թե մարտում կարևոր են ոչ թե հաղթանակը կամ պարտությունը, այլ փորձության ենթարկվելը: Այս առումով նա առավելություն ունի կյանքը մակերեսորեն ընկալող գեղանկարիչների նկատմամբ: Էմոցիոնալ խորությունը թույլ է տալիս նրան ամենայն լրջությամբ արտահայտել կյանքի ամենաբարձր գաղափարները: Այս էմոցիոնալ որոնման տիրույթը չափազանց ընդարձակ է անտուն շնիկի հուզիչ հայացքից մինչև տարօրինակ մեգապոլիսում տիրող թանձր ու մռայլ տիեզերական անդունդը: Նրա կյանքը բարդ է (ոչ նյութական առումով) առաջին հերթին ներքին հակասությունների տագնապների պատճառով: Ի՞նչ է ուզում նա ասել մեզ իր ժամանակակիցներին, և գալիք սերնդի ստեղծագործողին: Ի՞նչ երկխոսություն է ուզում վարել և արդյո՞ք ուզում է դա անել: Սրանք դատարկ հարցեր չեն: Սրանք, իր պատկերացմամբ, պատվի կոդեքսի, տղամարդու արժանապատվության, մարդկային ներքին հպարտության, խորքային համոզմունքների ու կասկածների անկյունաքարերն են:
Նա կրքոտ է, բայց զուսպ, սակավախոս է, բայց արտահայտչական, դյուրահավատ է, բայց զգուշավոր, կտրուկ է, բայց ինքնամփոփ, մարդասեր է, բայց թերահավատ: Այս հատկություններով է պայմանավորված երևույթների չափազանց սուր ընկալումը նրա կողմից:
Նրա կտավների գունային որակը բացահայտում է նկարչի թե գեղարվեստական խառնվածքը և թե մարդկային կամքը: Ժամանակակից աշխարհի նրա լայնածավալ ընկալումը վեր է ազգային ինքնադրսևորման սահմաններից: Նա հեռու է այն հարմարվողական մոտեցումից, որ ցուցաբերում են շատ գեղանկարիչներ այսօրվա չկայացած հայկական արվեստի շուկայում վաճառված լինելու կամ մոդայիկ երևալու համար: Այսօրվա կաղության խնդիրները նա կարողանում է ձևակերպել հստակ քսանմեկերորդ դարի մարդուն (այլ ոչ հային) վայել: Բայց միևնույն ժամանակ նա չի կարող շրջանցել իր հարազատ Երևանին հուզող հարցերը: Նա միսն ու արյունն է այս քաղաքի և այստեղ տիրող դրամատիզմի և սիրո ողջ սպեկտրը նա կարողանում է վերածել գեղանկարչական պոեզիայի, որն անհատական է և հատուկ է քչերին` այսօրվա մտավոր ճգնաժամ ապրող Երևանում:
Գեղանկարիչ Գագիկ Ղազանչյանը վաղվա մշակույթին միտված սրընթաց վեկտոր է: Ես շատ սպասումներ ունեմ նրանից, քանի որ գեղարվեստական որոնման նրա ներուժը թույլ է տալիս հուսալու, որ նրա ընտրած ուղին դա տառապանքի և մտորումների, հիասթափությունների և պայծառացման ճշմարիտ ճանապարհն է:
Ռուբեն Անգալադյան
Գրող, մշակութաբան
Կարելի՞ է արդյոք միևնույն ժամանակ համադրել աբստրակցիան և ֆիգուրատիվությունը կերպարվեստում: Իր ստեղծագործություններում Գագիկ Ղազանչյանը ստեղծում է այդ սինթեզը` ընդգծելով կերպարի անցողիկ լինելը:
Միևնույն կտավում հաջորդաբար բացահայտվում են կերպարանափոխումները, շեղման էֆեկտները, շերտավորումները: Նկարչի համար առանձնահատուկ խնդիր է կտավի բուն ստեղծումը. պատկերազարդ պարզությունը փոխարինվում է պատրանքային տարածությամբ:
Նոր ձևերի որոնումը նրա արվեստում փոխակերպվում է ավելի էականով, ոգեշնչմամբ: Սեփական զգացմունքները և վերաբերմունքը շրջապատի նկատմամբ նա արտահայտում է, կիրառելով որոշակի տեխնիկա որպես ոճի տարր, այլ ոչ միայն որպես զգացմունքների կամայական վերարտադրում:
Գագիկը չի սահմանափակվում տեսածի պարզ պատկերմամբ, այլ վերարտադրում է էմոցիոնալ ապրումների ողջ սպեկտրը:
Լինի դա միևնույն կտավում տարբեր դիտակետերից պատկերված քաղաքի հատվածներ, թե ահռելի կենդանիների պատկերներ` ամեն բան նկարիչը կառուցում է իր բուռն եռանդին հատուկ հենքի վրա:
Դեֆորմացնելով խիստ ուրվագծերը, ստեղծելով թանձր շաղախ, նա ստանում է անհանգիստ էքսպրեսիվ կոմպոզիցիոն միջավայր: Նրա աշխատանքները հիշեցնում են գրաֆիտի պատ, իրականության և արվեստի բուռն միահյուսվածք` իրականացված գունային, ոճային ցայտուն միջոցներով:
Ինչո՞ւ ենք մենք անվերջ հակադրում մոդեռնիզմն ու ռեալիզմը, աբստրակցիան և ֆիգուրատիվ արվեստը: Ինչո՞ւ չենք տեսնում, որ արվեստի աշխարհն այլևս չի կարող բաղկացած լինել միայն այս պարադոքսալ զույգերից:
Գագիկ Ղազանչյանի աշխատանքներում միատեղված են տարբեր տենդենցներ.
Նա ավանդական է և ժամանակին համահունչ: Սա է արվեստում բազմակարծության նրա ընկալումը:
Նրա կտավները թույլ են տալիս դիտորդին դառնալ գրավիչ արկածների մասնակիցը և արարիչը: Հենց սա է անընդհատ կերպարանափոխումների արվեստը: Ոչինչ քարացած չէ, ամեն ինչ ընթացքի մեջ է, թրթռում է: Ամեն ինչ, բացի առանձին ամբողջական գեղանկարչական դրվագներից և ճարտարապետական ուրվագծերից, որոնք և առանցքն են կոմպոզիցիոն ողջ կառուցվածքի: Այս կտավներում, ասես երազում, իրական և թվացյալ կերպարները երերուն են: Փորձադաշտի վերածված տարածությունը առաջացնում է մի հոգեվիճակ, երբ իրականությունը չես ընկալում իբրև կայացած երևույթ:
Գագիկ Ղազանչյանի արվեստում առկա է շարժման այն մշտնջենականությունը, որը բնորոշում է գոյի անխզելիությունը, իսկ խորհրդավոր սիմվոլիկան և անվիճելի հումորը քողարկում են ցինիզմի նշույլները, հեգնանքը, անգամ ողբերգությունը:
Ալան Նավարրա-Նավասարդյան
Կուրատոր
Gagik Ghazanchyan © 2026. Բոլոր իրավունքները պաշտպանված են։ | Պատրաստված է PAP ART Gallery-ի կողմից։